Այսօր՝ փետրվարի 19-ին Կառավարության շենքի մոտ են հավաքվել Երեւանի ոսկու շուկաների մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք գործադուլ են անում եւ պահանջում են վերանայել կառավարության հարկային քաղաքականությունը։

Eրվանդ Քոչար փողոցում գտնվող «Երեւան» եւ Խորենացի փողոցի «Ոսկու աշխարհ» շուկայի աշխատողներին միացել նաեւ Մալաթիայի ՙԼուսաստղ՚ ոսկու շուկայի աշխատակիցները։ Գործադուլավորները հավաքվել են կառավարության շենքի առջեւ եւ հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Ոսկու շուկաների աշխատակիցների պահանջը մեկն է՝ վերացնել ՀԴՄ-ները, եւ նշում են, որ այդ կերպ լուրջ հարված է հասցվում իրենց բիզնեսին։

Հիշեցնենք, որ 2009 թվականի հունվարի 24-ին վարչապետը ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի եւ մի շարք այլ պետական պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել էր «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող` Երեւանի Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկա` ծանոթանալու շուկայում աշխատող մարդկանց աշխատանքային պայմաններին եւ դժգոհություններին, որից հետո նաեւ խորհրդակցություն էր հրավիրել` այցի արդյունքներն ամփոփելու եւ խնդիրներին լուծում տալու համար։ Սակայն, ինչպես պնդում են ոսկու շուկաների աշխատողները, առ այսօր ոչ մի փոփոխություն չի եղել։