Gallup World-ի հարցմանը մասնակցած հետխորհրդային երկրների բնակիչներից ամենաշատը հայրենիքն ընդմիշտ լքելու ցանկություն են հայտնել Հայաստանում:

Gallup World միջազգային կենտրոնում «ԱՊՀ երկրների սահմանները լքելու ցանկություն» հետազոտությունն իրականացվել է  2010-2012թթ.` հետխորհրդային 12 երկրներում: Հարցումներն անցկացվել են հարցազրույցների ձեւաչափով, որոնց մասնակցել է 41 հազար մարդ` սկսած 15 տարեկանից:  

Այդպիսով, Հայաստանն ընդմիշտ լքելու ցանկություն է հայտնել հարցվողների 40%-ը: Այնուհետեւ հաջորդում է Մոլդովան` 32%: Երրորդ տեղում է Ուկրաինան  (21%), չորրորդում՝ Բելառուսը (17%), իսկ հինգերորդում Ղրղըզստանն է (16%): Ընդ որում` հայրենիքը լքելու ամենաքիչ ցանկությունն ունեն միջինասիական երկրների բնակիչները` Ուզբեկստան` 5%, Թուրքմենստան`6%, Տաջիկստան` 11% եւ Ղազախստան` 13%:

Միջին հաշվով հարցմանը մասնակցած հետխորհրդային պետություններում իրենց երկրների սահմաններից ատագաղթելու ցանկություն են հայտնել պատասխանողների 15%-ը:  Հարցմանը մասնակցածների 52%-ը որպես հիմնական պատճառ նշել են կենսամակարդակը բարելավելու ցանկությունը:  Միաժամանակ պատասխանողների 13%-ը նշել է, որ պատրաստ է լքել հայրենիքը իր երեխաների ապագայի համար, իսկ  10%-ը` աշխատանքի բացակայության կամ աշխատանքի ընդունվելու խնդիրների պատճառով: 

Հայրենիքը լքելու այլ պատճառների շարքում նշվել է նաեւ սոցիալական ապահովվածության ցածր մակարդակը (պատասխանողների 4%), հարազատներին մոտ լինելու ցանկությունը կամ այնպիսի երկրում ապրելը, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են (3%):