Աթենքում կենտրոնական մզկիթի կառուցումը ուղի է հարթում Հունաստանի մայրաքաղաքի յուրաքանչյուր թաղամասում մեկ կամ երկու մզկիթի կառուցման համար, քաղաքային խորհրդի նիստում հայտարարել է Աթենքի քաղաքապետ Յորգոս Կամինիսը: Այդպիսով, Աթենքում կարող են հայտնվել մեկուկես տասնյակ մզկիթներ, գրում է «Էթնոս» թերթը:

Աթենքը միակ եվրոպական մայրաքաղաքն է, որտեղ դեռեւս մզկիթ չկա: Քաղաքում գործում են գրեթե հարյուրավոր ապօրինի աղոթատեղիներ: Մարտի սկզբին Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը կարգադրել էր շինարարության մրցույթ կազմակերպել: Արդեն հայտնի է, որ Աթենքի մզկիթը ոչնչով չի հիշեցնելու օսմանյան մինարեթներով մզկիթները: Մզկիթը տեղավորելու է 350 մարդու, իսկ շինարարությունը կարժենա  846 հազար եվրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Աթենքի քաղաքապետը կողմ է  վարչապետի որոշմանը: Նա նշել է, որ դա անհրաժեշտ է քաղաքացիների եւ ազգային փոքրամասնությունների կրոնական իրավունքների պաշտպանության առումով: Հունաստանի մայրաքաղաքում ապրում  են տասնյակ հազարավոր մահմեդականներ Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից եւ Հնդկաստանից:  Սակայն 1832թ. Օսմանյան կայսրությունից անկախանալուց հետո Հունաստանի ոչ մի կառավարություն թույլ չի տվել Աթենքում մզկիթ կառուցել: Աթենքը յոթ թաղամաս ունի, որոնցում կարող է կառուցվել 15 մզկիթ: Քանի որ, ըստ Սահմանադրության, «Հունաստանում գերակայողը Քրիստոսի արեւելաուղղափառ եկեղեցու դավանանքն է», նման ծրագիրը շատերին դուր չի եկել: Լրագրողներն էլ հարց են տալիս` ինչի՞ կվերածվի  երկրի մայրաքաղաքը` « բազմամշակութային Աթենքի՞, թե՞ Աթենք-Մեքքայի»: