Նախնական տվյալներով՝ Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան եւ էաբան Ալեքանդր Վարպետյանը պետք է այժմ գտնվեր օրենքով նախատեսված տարանցիկ գոտու հատուկ կացարանում, սակայն նա այսօր հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հատուկ կացարան, չկան կենցաղային պայմաններ եւ անգամ քնելու տեղ չեն հատկացրել:

«Ալեքսանդր Վարպետյանը մնացել է տրանզիտային ընդհանուր սպասասրահում եւ ստիպված է գիշերել երկաթյա աթողների վրա:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Վարպետյանը «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտում դեռ պետք է մնա մինչեւ այս կիրակի: Վարպետյանը լուրջ անհանգստություններ ունի, որ կարող են անգամ իր կյանքն ու առողջությունը վտանգված լինել եւ խնդրել է ողջ հայությանը հնարավորինս տարածել այս լուրը:

Պահանջում ենք պրն Վարպետյանին տրամադրել օրենքով եւ ՀՀ կառավարության 07.02.2008թ. N 127-Ն  որոշմամբ սահմանված պայմաններ ու իրավունքներ:

Անձամբ Ալեքսանդր Վարպետյանից իրավիճակի մասին տեղեկանալու համար կարելի է կապվել հետեւյալ հեռախոսահամարով՝ 096 12 58 95»,-նշված է նրա համակիրների տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 4-ի գիշերը, Ալեքսանդր Վարպետյանն, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների` առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը` ինքնաթիռով ժամանել է Հայաստան` իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում եւ մտերիմների շրջանակում նշելու համար:

Սակայն Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը եւ այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում` դեռ անհայտ ժամանակով:

«Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին` հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու` անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:

Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները եւ ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը եւ հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները»,- ասված է նրա համակիների տարածած նամակում, որն ուղղված է Սերժ Սարգսյանին։