Ավստրիական  Die Presse պարբերականը հաղորդում է, որ մոտ ժամանակներս Ամստերդամի կարմիր լապտերների թաղամասը կարող է լուրջ մրցակից ունենալ: Այն գտնվելու է Հոլանդիայի մայրաքաղաքից ոչ հեռու` Հոֆդորպ քաղաքում: Հենց այնտեղ քաղաքային իշխանություններն իրենց համաձայնությունն են տվել կառուցելու  City4Love հաճույքի խոշոր էրոտիկ կենտրոնը: «Սիրո քաղաք»` հենց այսպես է թարգմանվում աշխարհի ամենամեծ հասարակաց տան անունը, որն իր նմանը չունի աշխարհում եւ կոչված է դառնալու «Ամերիկայի Լաս Վեգասի նման մի տեղ, միայն սեռական  հարաբերություններին զարկ տալու տարբերությամբ»,- ընդգծել է թերթը:

Առաջարկվող «հաճույքները» պետք է բավարարեն բացարձակապես բոլոր տեսակի ճաշակները: Բացի «ավանդական» կարմիր պատուհաններից, կենտրոնական տարածքում, նախատեսվել է կառուցել մեծ թվով սեքս-շոփեր, սթրիփ-բարեր, ծանոթության համար նախատեսված բարեր, այդ թվում նույնասեռականների համար, եւ «էրոտիկ թատրոն»: Միլիոնատեր Ռինուս Բոյզենբերգը, ում փողերով կառուցելու է «սիրո քաղաքը», մտադիր է նաեւ կառուցել «էրոտիկ համալսարան»` երիտասարդներին սեռական իմացություններ հաղորդելու նպատակով:

City4Love-ը կարող է դառնալ Հոլանդիայի առանձնահատկություններից մեկը` միանալով Վան Գոգի թանգարանին, Ամստերդամի պետական թանգարանին եւ թագավորական ծաղիկների Կյոկենհոֆ այգուն: Առավել եւս, որ Սհիպհոլ օդանավակայանից մինչեւ «Սիրո քաղաք» տարածությունը շատ կարճ է: