Ռուսաստանցի 30-ամյա Վլադիսլավ Խորոխորինը, ով զբաղվում է գողացված քարտերի տվյալների առեւտրով, Վաշինգթոնում դատապարտվել է 7 տարի եւ 4 ամիս ազատազրկման:

ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Խորոխորինը զբաղվել է «միլիոնավոր գողացված քարտերի» առեւտրով եւ «առնչություն է ունեցել Ատլանտայում գտնվող ընկերություններից ավելի քան 9 մլն դոլարի գողությանը»:

Դաշնային դատավոր Էլեն Հյուվելը Խորոխորինին, ով նաեւ Ուկրաինայի եւ Իսրայելի քաղաքացի է, հրամայել է 125 739 դոլարի փոխհատուցում վճարել, քանի որ հենց այդքան գումար են հանել ռուսաստանյան բանկոմատներից Խորոխորինն ու նրա հանցակիցները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խորոխորինն ապրել է Մոսկվայում եւ անհասանելի է եղել ամերիկյան արդարադատության համար, բայց 2010-ի օգոստոսին ամերիկյան իշխանությունները տեղեկացել են, որ նա մեկնել է Մոնակո եւ Ֆրանսիայի իշխանություններին խնդրել են ձերբակալել նրան:

Ֆրանսիայի բանտում եղած ժամանակ Խորոխորինը շատ արագ վաճառել է Իսրայելում գտնվող իր տունը (մեկ մլն դոլարով), Ֆրանսիայում գտնվող առանձնատունը (3 մլն դոլարով): Իսկ նրա փաստաբան Արկադի Բուխը միջնորդել է, որ փակեն գործը, քանի որ քննությունը չունի բավարար ապացույցներ, որ BadB ծածկանվան տակ թաքնվել ու գործունեություն է ծավալել հենց Խորոխորինը:

Այդուհանդերձ, 2012-ի հոկտեմբերի 25-ին Խորոխորինը նպատակահարմար է գտել իրեն մեղավոր ճանաչել: