Ամերիկացի սկանդալային հոգեւորական Թերրի Ջոնսը Ղուրանի այրման նոր ակցիա է պատրաստում, որը նվիրված է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին:
«2013 թվականի սեպտեմբերի 11-ին մենք կայրենք Ղուրանի 2 998 օրինակ, որպեսզի հիշատակենք նրանց, ովքեր սպանվեցին արմատական իսլամիստների ձեռքով»,-ասված է «Ոտքի Ամերիկա» (Stand up America!) կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, որը ղեկավարում է Թերրի Ջոնսը:
Կազմակերպության կայքում Ջոնսը հրապարակել է 10 պատճառ, թե ինչու է մտադիր հրապարակայնորեն այրել մահմեդականների սուրբ գիրքը: Ակցիան նախատեսված է Ֆլորիդայի Թամփա-Բեյ քաղաքում, երեկոյան ժամը 5-ին, իսկ այրվող Ղուրանների թիվը համապատասխանում է սեպտեմբերի 11-ի զոհերի թվին:
Գրեյսվիլ քաղաքի բնակիչ հոգեւորականի անունը Ֆլորիդայում հայտնի է դարձել 2011 թվականի մարտի 20-ին, երբ նա 50 մարդու ներկայությամբ, եկեղեցիներից մեկում այրել է Ղուրանի մեկ օրինակ: Այդ ակցիայից հետո Աֆղանստանում բողոքի լուրջ ալիք էր սկսվել արմատական իսլամի կողմնակիցների շրջանում: Այդ ժամանակ այնտեղ ավելի քան 100 մարդ էր մահացել, այդ թվում ՄԱԿ-ի առաքելության 8 աշխատակիցներ:




























