Մեխիկոյում Հեյդար Ալիեւի արձանը, որն ապամոնտաժվել է այս տարվա հունվարին, կտեղափոխեն Ադրբեջանի դեսպանատուն: Այս մասին, ըստ մեքսիկական Milenio հեռուստաալիքի, հայտնել է Մեխիկոյի Միգել Իդալգոյի շրջանի ղեկավար Վիկտոր Հյուգո Ռոմոն:
Նրա խոսքով՝ հրապարակային վայրը, որտեղ տեղադրվել էր արձանը, հարմար չէր դրա համար եւ ինքն այդ տեսակետն է ունեցել դեռ դեկտեմբերին: 2012-ի օգոստոսին Մեխկիոյի կենտրոնական այգիներից մեկում տեղադրվել էր Հեյդար Ալիեւի արձանը, ինչը առաջ էր բերել քաղաքի բնակիչների վրդովմունքը: Ադրբեջանը մոտ 5 մլն դոլար է ծախսել Մեխիկոյի երկու այգիների վերանորոգման համար, որից հետո Ալիեւի արձանը տեղադրելու թույլտվություն է ստացել:
Մեքսիկայի մայրաքաղաքում բողոքի մի քանի ակցիաներ են տեղի ունեցել, որի մասնակիցները նշել են, որ չեն ցանկանում հերոսների արձանների կողմին տեսնել բռնապետի արձանը: Արդյունքում հատուկ ստեղծված հանձնաժողովը խորհուրդ է տվել Մեխիկոյի իշխանություններին ապամոնտաժել Հեյդար Ալիեւի արձանը՝ նշելով, որ իշխանությունները սխալ են գործել թույլ տալով օտար երկրին որոշել, թե ում արձանի լինի քաղաքում:




























