Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի եղբորորդին՝ Կարեն Փայտյանը, փետրվարի 19-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով վանաձորցի 16-ամյա Սարգիս Աբրահամյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, որն էլ արդյունքում հանգեցրել է անչափահաս տղայի մահվանը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, միմյանց անծանոթ երիտասարդների վեճի առարկան եղել է բջջային հեռախոսը: Սպանված երիտասարդի ընկերը՝ Կամո Ծատուրյանը, իր հեռախոսը վաճառել է Կարեն Փայտյանին: Փայտյանը գումարի մի մասը պարտք է մնացել, ու երբ Սարգիսի ընկերը՝ Կամո Ծատուրյանը, Կարեն Փայտյանից պարտքն է պահանջել, Սարգիսը եւս ներկա է գտնվել այդ զրույցին: Կարեն Փայտյանը դանակով հարվածներ է հասցրել պարտատիրոջ ընկերոջը՝ Սարգիսին: Երկու օր անց հիվանդանոցում 16-ամյա տղան մահացել է:

Գեներալի եղբորորդին ընդունել է իր մեղքը։ Դատական գործընթացն արագացված քննությամբ է տեղի ունեցել: Նշենք, որ Կարեն Փայտյանն անցած տարի եւս քրեական պատասխանատվության էր ենթարկվել՝ զինծառայությունից խուսափելու համար ու դատապարտվել էր 1.5 տարվա պայմանական ազատազրկման։ Ի դեպ, հանցագործի հարազատներից եւ ոչ մեկը դատարան չէր ներկայացել:

Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Մովսես Մովսիսյանը վստահեցրել է, թե մեղադրյալի հարազատների, մասնավորապես՝ հորեղբոր կողմից ճնշումներ չեն եղել։