Երեւանում գործող ոսկու երեք շուկաների աշխատակիցների գործադուլը շարունակվում է: Այս պահին կառավարության շենքի մոտ են հավաքվել Երվանդ Քոչար փողոցում գտնվող «Երեւան», Խորենացի փողոցի «Ոսկու աշխարհ» եւ Մալաթիայի «Լուսաստղ» ոսկու շուկաների աշխատակիցները, որոնք հանդիպում են պահանջում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
Արդեն երրորդ օրն է՝ ոսկու շուկաների աշխատակիցները հրաժարվում են աշխատել՝ պահանջելով վերանայել ոսկու շուկաներում հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու կառավարության որոշումը: Ըստ գործադուլավորների՝ ՀԴՄ-ները բավական լուրջ հարված են հասցնելու իրենց բիզնեսին՝ գործնականում սնանկացնելով իրենց:
Նշենք, որ նախօրեին՝ փետրվարի 19-ին կառավարության աշխատակիցները գործադուլավորներին համոզում էին ցրվել՝ խոստանալով, որ կառավարության ներկայացուցիչը նրանց կընդունի երկուշաբթի օրը: Սակայն, ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց գործադուլավորներից մեկը, իրենք հոգնել են սուտ խոստումներ լսելուց եւ այս անգամ մտադիր են իրենց իրավունքների վերականգնման համար պայքարել մինչեւ վերջ: Գործադուլավորները խոստանում են նաեւ կառավարության շենքի մոտ հավաքվել ամեն օր՝ մինչեւ իրենց հուզող խնդիրներին լուծում կտրվի:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. հունվարի 24-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել էր «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող` Երեւանի Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկա եւ խոստացել լուծել ոսկու շուկաների աշխատակիցների խնդիրները:




























