ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել: 4-ամյա երեխան հրացանից կրակելով սպանել է իր հարեւան 6-ամյա Բրենդոն Հոլթին:
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Թոմս-Ռիվեր քաղաքում: Երեխաներ ապրիլի 8-ի երեկոյան խաղալիս են եղել բակում, երբ 4 տարեկան տղան, ում անունը չի հաղորդվում, մտել է տուն, վերցրել հրացանը եւ մոտ 14 մետր հեռավորությունից կրակել Հոլթի վրա: Այդ պահին երկու երեխաների ծնողները եղել են մոտակայքում, նույն բակում:
Բժիշկները մեկ օր շարունակ պայքարել են 6-ամյա Բրենդոնի կյանքի համար: Նա մահացել է հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին, հաղորդում է NEWSru.com-ը:
Դեռեւս որեւէ մեղադրանք չի առաջադրվել: Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է հրացանը հայտնվել երեխայի ձեռքում եւ որոշում, թե ում նկատմամբ մեղադրանք առաջադրի:




























