Մալդիվների զբոսաշրջության նախարարությունը, ոստիկանության առաջարկով, որոշել է հետ կանչել հայ «Արթուր եղբայրներին» տրված ներդրումային գործունեության լիցենզիան, հաղորդում է «Haveeru Online»-ը:

Ոստիկանությունը զգուշացրել է էկոնոմիկայի նախարարությանը՝ ձեռնարկատիրական գործունեության լիցենզիա չտալ տխրահռչակ Արթուրներին, ովքեր մեղադրվում են մեքենայությունների եւ թմրամիջոցների վաճառքի մեջ: Դրանից հետո Էկոնոմիկայի նախարարությունը գրավոր խնդրել է Զբոսաշրջության նախարարությանը՝ հետ կանչել նրանց տրված լիցենզիան:

Զբոսաշրջության նախարար Ահմեդ Աբիդը, ով մեղադրվել է «Արթուր եղբայրների» հետ կապված, ասել է, որ ներդրումային գործունեության լիցենզիան հետ կանչելու որոշումը կայացվել է նրանց մասին ոստիկանության տվյալների հիման վրա: Նա հավելել է, որ ինքն Էկոնոմիկայի նախարարությանը կխնդրի հետ կանչել նաեւ Արթուրներին տրված մյուս բոլոր թույլտվությունները:

Էկոնոմիկայի նախարար Ահմեդ Մոհամեդն իր հերթին ասել է, որ իր նախարարությունը կկատարի բոլոր որոշումները, որոնք կընդունվեն Զբոսաշրջության նախարարության եւ գլխավոր դատախազության կողմից:

Ոստիկանությունը նշել է, որ «Արթուր եղբայրների» գտնվելը Մալդիվներում սպառնալիք է հանդիսանում երկրի տնտեսության եւ անվտանգության համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Երկու Արթուրների» գործունեությունը շարունակում է մնալ Մալդիվյան կղզիների մամուլի ուշադրության կենտրոնում: Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Արթուր Սարգսյանի եւ Արթուր Մարգարյանի ընկերությունը գրանցվել էր, երբ տուրիզմի նախարարությունից  թույլտվություն էր ստացվել Մալդիվներում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Լրագրողներն իմացել են, որ հայերն արդեն ներկրել էին մեքենաներ եւ շարժիչի մասեր այն ժամանակ, երբ  ընկերության տեղի բաժնետերը փորձել էր կենդանի այծեր ներկրել: «Արթուր եղբայրներին» անվանվել են «սպառնալիք Մալդիվների ազգային անվտանգության համար»: