Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հերքել է մեղադրանքները, թե «Եվրատեսիլ-2010» մրցույթի հայաստանյան ընտրական փուլում կեղծիքներ են կատարվել հօգուտ երգչուհի Եվա Ռիվասի: Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Հանրայինի նախագահը հերքել է նաեւ լուրերը, թե նախապես որեւէ մեկին խոստացված է եղել ուղարկել «Եվրատեսիլ»:
Ավելին, ըստ Հարությունյանի, Հանրային հեռուստաընկերությունը պարտավորված չէ մրցույթ անցկացնել մասնակցին ընտրելու համար, եւ եթե նախապես որեւէ մեկին խոստում տրված լիներ, ոչ մի մրցույթ էլ չէր կազմակերպվի: «Ինչո՞ւ պետք է մեր գլխին փորձանք բերեինք: Եթե որոշել էինք ինչ-որ մեկին ուղարկել, սուսուփուս կուղարկեինք»,- արձանագրել է Հարությունյանը:
Վերջինս նաեւ չի հերքել փաստը, որ SMS քվեարկության ժամանակ խնդրներ են ծագել, եւ հավելել է, որ այդ կապակցությամբ Հանրայինը բջջային օպերատորների հետ ուսումնասիրություն է անցկացնում:
Նշենք, որ փետրվարի 14-ին կայացած «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան ընտրական փուլում հաղթող էր դարձել Եվա Ռիվասը՝ իր «Apricote stone» («Ծիրանի կորիզ») երգով: Երկրորդ տեղում հայտնված Էմմի եւ Միհրան զույգը հայտարարել էր, որ արդյունքները կեղծվել են: Ավելին, ըստ երգիչների՝ Հանրայինից իրենց նախապես էին խոստացել, որ հենց իրենք են մեկնելու «Եվրատեսիլ»:




























