Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 10-ին, ընդունել է Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրային:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Դիպակ Օբրայը նշել է, որ ուրախ է ներկայացնել Կանադան ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը եւ խնդրել ՀՀ նախագահին փոխանցել Կանադայի վարչապետի շնորհավորանքներն ու ուղերձը։

Էդվարդ Նալբանդյանն, ընդգծել է, որ թեեւ աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը եւ Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերում ու վերջին շրջանում նկատվող շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Կանադայի խորհրդարաններում միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, որոնք լրացուցիչ լիցք են հաղորդում երկկողմ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյան ու Դիպակ Օբրայը քննարկել են հայ-կանադական օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: