Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 10-ին, ընդունել է Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ եւ սենատի նախագահ Ամադո Բուդուին, ով բազմաթիվ այլ հյուրերի թվում Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով բարձրաստիճան հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախագահը նշել է, որ թեեւ աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի եւ Արգենտինայի հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ, իսկ երկու ժողովուրդների միջեւ մեծ համակրանքն ու փոխադարձ վստահությունը գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից շատ ավելի առաջ: Արգենտինան, Սերժ Սարգսյանի խոսքով, միշտ սրտացավորեն է մոտեցել հայ ժողովրդի խնդիրներին: Երկուստեք ընդգծվել է, որ միջազգային հարթակներում երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները մի շարք կարեւոր հարցերի առնչությամբ համահունչ են, եւ հայ-արգենտինյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ աջակցության ու վստահության վրա:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս խորին ցավակցություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին եւ ժողովրդին` օրերս երկիրը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Արգենտինային կհաջողվի շուտափույթ կերպով վերացնել ջրհեղեղի հետեւանքները, եւ բարեկամ Արգենտինայի բնակչությունը կվերադառնա իր բնականոն կյանքին:
Բարձր գնահատելով հայ-արգենտինյան հարաբերությունների զարգաց¬ման ներկա մակարդակը` Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ եւ սենատի նախագահ Ամադո Բուդուն եւ Նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն ու պատրաստակամություն են հայտնել նոր թափ եւ որակ հաղորդելու երկկողմ հարաբերություններին, ընդլայնելու համագործակցության եզրերը:




























