Ամերիկայի Ջորջիա նահանգի Սավանի քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել 5 հրշեջների: Նախանական տվյալներով՝ հրշեջները ահազանգի հետքերով ժամանել էին տվյալ շենք, որտեղ նրանց սպասում էր զինված տղամարդը: Ոստիկանության գրոհի ժամանակ զինված տղամարդն սպանվել է:

Ինչպես հաղորդում է CNN-ը, մեկ հատուկջոկատային հրազենային վնասվածք է ստացել: Թեթեւ վնասվածքներ ստացած 4 հրշեջները ազատվել են գրոհի ժամանակ, եւս մեկին զինված տղամարդն ազատ էր արձակել ավելի շուտ:

Հանցագործը նախապես ծրագրել էր իր գործողությունները, նա բարիկադավորել էր տունը եւ արտակարգ ծառայության հեռախոսահամարով պարամեդիկների խումբ հրավիրել, որոնց լիազորություններն իրականացնում են հրշեջները: Սպառնալով զենքով, նա տուն է մտցրել 5 հրշեջներին:

Ականատեսների վկայությամբ՝ գրոհի ժամանակ մի քանի պայթյուն է որոտացել շենքի ներսում եւ կրակոցների ձայներ են լսվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Որոշ տվյալների համաձայն, տղամարդն այսկերպ ցանկացել է վրեժ լուծել իրեն շենքից բռնի տեղահանելու մասին որոշման դեմ: