Հայաստանի ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում, «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի» համակարգմամբ, ապրիլի 2-ին մեկնարկել է Քանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման դասընթացը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն հանդիսանում է Հայաստանում ականազերծման ուղղությամբ իրականացվող ուսումնավարժական ծրագրի հերթական փուլը: Դասընթացի առաջին շաբաթվա ընթացքում ներգրավվել են նախորդ փուլում (անցյալ տարվա սեպտեմբերին) պատրաստված ականազերծման հրահանգիչները` անցած դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները վերհիշելու եւ ամրապնդելու նպատկով: Դասընթացի երկրորդ շաբաթը նախատեսված է ականազերծողների համար եւ դասընթացի առաջին շաբաթվա մասնակիցները հանդես են գալիս որպես հրահանգիչներ եւ ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացնում են վարժանքը:
Դասընթացներին ներգրավված են եւ վերապատրաստում են անցնում նաեւ ՀՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետները:
Հայաստան-Քանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում անցկացվող նմանատիպ դասընթացները պարբերական բնույթ են կրում եւ հայ ականազերծողների վերապատրաստման, փորձի փոխանակման գործում կարեւոր նշանակություն ունեն:



























