Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել բոլոր ցավակցությունների համար, որոնք մարդիկ թողել են սգո մատյանում՝ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան առթիվ:

«Դեսպանատանը բացված սգո մատյանը բաց կլինի մինչեւ այսօր ժամը 16:30-ը, ինչպես նաեւ ապրիլի 12-ին, ժամը 09:00-ից 12:00-ն»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը ուղերձ էր հղել ՄԹ նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ, որում ասվել է.

«Ցավալի էր լսել Լեյդի Թեթչերի մահվան լուրը: Նա հիանալի կին էր, ով ոգեշնչել է աշխարհին իր քաջությամբ եւ վճռականությամբ: Հայաստանում նրան մասնավորապես կհիշեն 1990թ-ին կատարած այցելությամբ, երբ Գյումրիում մասնակցեց 1988-ի երկրաշարժից հետո վերականգնված  Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման արարողությանը: Մենք կիսում ենք Լեյդի Թեթչերի ընտանիքի վիշտը եւ մեր մտքերը նրանց հետ են»:

Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ, Երեւանում Բրիտանական դեսպանատանը տեղադրված է սգո մատյան եւ ցանկացողները կարող են գալ ու գրառել իրենց ցավակցական ուղերձները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «Երկաթյա լեդի» Մարգարեթ Թեթչերը մահացել է ապրիլի 8-ի առավոտյան, 87 տարեկան հասակում: Նրա պաշտոնական ներկայացուցիչ Լորդ Բելլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Թեթչերը մահացել է ուղեղի կաթվածից:

Մարգարետ Թեթչերը Մեծ Բրիտանիայի առաջին եւ առայժմ միակ կին վարչապետն է, ով ղեկավարել է 1979-90 թվականներին: Կոշտ բնավորության համար նրան անվանում էին «Երկաթյա Լեդի»: Նա անընդմեջ երեք ընտրություն է հաղթել, բայց ստիպված էր հրաժարական տալ` նախքան չորրորդ ընտրությունը:

10 տարի առաջ նա մի քանի միկրոինսուլտներ էր տարել, եւ դրանից հետո տառապում էր հիշողության կարճաժամկետ կորստյամբ ու հազվադեպ էր հայտնվում հասարակության մեջ: