Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը մեկնաբանել է իր երկրի խորհրդարանի հանձնաժողովներից մեկի կողմից ընդունված բանաձեւը, որը վերաբերում է Խոջալուի դեպքերին:

Այսօր՝ ապրիլի 11-ն, Երեւանում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նա հիշեցրեց, որ այդ բանաձեւն ընդունվել է ոչ թե ողջ խորհրդարանի, այլ միայն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Միաժամանակ, չեխ նախարարը նկատեց, որ իր երկիրը ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների խախտումներին, եթե նույնիսկ դրանք խախտվել են ընկերների կողմից:

«Պատերազմական վիճակում միշտ էլ ինչ-որ բան տեղի է ունենում»,-հավելեց Շվարցենբերգը, միաժամանակ ընդգծելով, որ անհնար է համեմատել Խոջալուի դեպքերը Հայոց ցեղասպանության հետ: «Մենք չենք կարող այդ դեպքերը համեմատել նրա հետ, ինչ տեղի է ունեցել հայերի հետ 100 տարի առաջ: Դրանք տարբեր կատեգորիաներ են»,-ամփոփեց չեխ նախարարը: