Այսօր՝ ապրիլի 11-ին, Չեխիայի ԱԳ նախարար Կառլ Շվարցենբերգի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում, Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել է հայ-չեխական գործարար համաժողով:
Այն կնպաստի երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը եւ հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացնելու իրենց ներդրումային գործարար առաջարկները:
Կառլ Շվարցենբերգի գլխավորությամբ Հայաստան էին այցելել Չեխիայի արդյունաբերության միության փոխնախագահը, առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը եւ արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող 17 չեխական ընկերություն:
Համաժողովին բացման խոսքով ելույթ են ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Կառլ Շվարցենբերգը, Արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Միլան Գովորկան, Արդյունաբերության միության փոխնախագահ պարոն Ստանիսլավ Կազեցկին, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Զարգացման հայկական գործակալության կողմից ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրի մասին շնորհանդեսը, ինչպես նաեւ Չեխիայի Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ֆրանտիշեկ Մասոպուստը ներկայացվել են Չեխիայի գործարար պատվիրակության անդամներին: Անցկացվել են նաեւ անհատական գործարար հանդիպումներ հայ եւ չեխ գործարարների հետ:
Չեխ գործարարները ներկայացրել են արդյունաբերական հետեւյալ ոլորտները՝ տեխնոլոգիաներ, էլեկտրական սարքավորումներ, բանկային եւ ներդրումային վարկեր, վերգետնյա ռազմական տրանսպորտային միջոցներ, էլեկտրական մեխանիզմներ, վարկային ապահովագրություն արտահանման համար, ցողունային բջիջների հետազոտություն, բիզնես խորհրդատվություն, ինժեներային սարքավորումներ, գազային տաքացուցիչներ, անշարժ գույքի եւ ներդրումային ծրագրերի մատուցում, փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորում, այլընտրանքային էներգիայի տեխնոլոգիաների կիրառում, հացաբուլկեղենի եւ քաղցրավենիքի արտադրություն, կոմերցիոն իրավաբանական ծառայություններ, երկաթուղային եւ օդային բեռնափոխադրումներ, Էլեկտրաէներգիա, ունիվերսալ տրակտորների արտադրություն:
Հայաստանի եւ Չեխիայի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 21.8 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 1.48 մլն ԱՄՆ դոլար իսկ ներմուծումը՝ 20.4 մլն ԱՄՆ դոլար:
Արտահանվել է հիմնականում ալյումին, ինչպես նաեւ սեւ մետաղներ: Ներմուծվել են հիմնականում միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական մասեր, էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, ձայնագրող ապարատներ, իրեր սեւ մետաղներից, ապակի, վերգետնյա տրանսպորտային միջոցներ:
Ներկայումս Հայաստանում գործում են ավեի քան 20 ընկերություն չեխական կապիտալով:




























