Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության գահընկեց նախագահ Ֆրանսուա Բոզիզեի պալատի գաղտնարանում դիակապտները թանկարժեք իրեր փնտրելիս երկու կմախք են գտել:

Ինչպես գրում է AFP-ն, գաղտնարանը գտնվել է ավտոտնակի հատակին՝ երկու ոչ մեծ սալիկների արանքում: Կողոպտիչները հույս ունեին, որ գաղտնարանում ադամանդներ ու ոսկի կգտնեն, բայց երբ բարձրացրել են սալիկները, այնտեղ երկու կմախք են գտել՝ վառ գույնի հագուստներով: Մարդկանցից միայն ոսկորներն էին մնացել:

Տապալված նախագահի հակառակորդները շտապել են հայտարարել, որ դա կարող է ծիսակարգային սպանություն լինել: Նման ծիսակարգեր, երբ զոհաբերում են մարդկանց, Կենտրոնական Աֆրիկայում այնքան էլ հազվադեպ հանդիպող երեւույթ չէ: Հետո զոհաբերված մարդկանց կմախքներն օգտագործվում են կախարդության մեջ կամ վաճառվում նրանց, ում դրանք պետք են այդպիսի նպատակների համար, գրում է NEWSru Israel-ը:

Ենթադրվում է, որ պալատում ապրել է տապալված նախագահի կինը՝ Մոնիկ Բոզիզեն: Ներկայումս պալատից մնացել են միայն դատարկ պատերը, այնտեղից հանվել է բառացիորեն ամեն ինչ, այդ թվում զուգարանակոնքերն ու այլ կենցաղային տեխնիկան:

Ֆրանսուա Բոզիզեն, ով երկիրը կառավարել է շուրջ 10 տարի, գահընկեց է արվել մարտի 24-ին եւ փախել հարեւան Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն, ապա՝ Կամերուն:

Բենինի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են նրան քաղաքական  ապաստան տրամադրել: