Սերբիայի 60-ամյա բնակիչ Լյուբիշա Բոգդանովիչը, ով գնդակահարել է 13 մարդու եւ փորձել է ինքնասպան լինել, մահացել է Բելգրադի հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ 60-ամյա Լյուբիշա Բոգդանովիչը կրակ է բացել Վելիկա Իվանչա գյուղում` ապրիլի 9-ի վաղ առավոտյան: Նա նախ ատրճանակից կրակել ու սպանել է իր մորն ու 42-ամյա որդուն, ապա սկսել է հերթով տներ մտնել` սպանելով բոլոր նրանց, ովքեր հայտնվել են նրա աչքի առջեւ: 60-ամյա տղամարդու զոհ է դարձել եւս 11 մարդ, նրանց մեջ նաեւ 21-ամյա երիտասարդ մի կին` նորածնի հետ: Եւս երեք մարդ այդ թվում Բոգդանովիչի կինը, ծանր վիրավորվել են: Ջարդից հետո հանցագործը ցանկացել է ինքնասպան լինել, բայց անմիջապես չի մահացել:
Ինչպես հայտնում է ՆՏՎ-ն, պատճառները, որոնք Բոգդանովիչին դրդել են այդ հրեշային քայլին մնում է միայն գուշակել: Հայտնի է, որ տղամարդը 1991- 1995 թվականներին սերբ-խորվաթական հակամարտության վետերաններից մեկն է եղել: Հարեւանները նրան ճանաչել են որպես հանգիստ եւ խաղաղ մարդ: Քննիչները ենթադրում են, որ Բոգդանովիչը կարող էր հոգեկան, այսպես կոչված «վիետնամական պատերազմի» ախտանիշով շեղումներ ունենալ:




























