ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում հրշեջը ծնոտի հատվածում հարված է ստացել, երբ նա ու իր թիմը փորձել են օգնել 28-ամյա հոգեկան խանգարումներ ունեցող հայ երիտասարդի մորը:
Ինչպես հայտնել է «Glendale News-Press»-ը, Քերիստո Անդրեասյանը ձերբակալվել է ծեծի ենթարկելու կասկածանքով եւ փոխանցվել է Գլենդելի ադվենտիստական բժշկական կենտրոնի անձնակազմին` բուժվելու համար: Անդրեասյանի մայրը շտապ օգնություն է զանգահարել, բայց հետո ցանկացել է չեղյալ հայտարարել, սակայն հրշեջներն արդեն ճանապարհին են եղել: Երբ հրշեջները տեղ են հասել Անդրեասյանը նստած է եղել մեքենայի սրահում: Հրշեջները զրուցում էին նրա մոր հետ, երբ տղան մոտեցել է նրանց եւ հարցրել` արդյոք նրանց իր համար են կանչել:
Հրշեջ ծառայության կապիտանն ասել է, որ դեռ գնահատում են իրավիճակը, բայց Անդրեասյանը շրջվել եւ հարվածել է մեկ այլ հրշեջի: Հրշեջներն անմիջապես տապալել են Անդրեասյանին եւ ոստիկանություն են զանգահարել: Հրշեջ ծառայության աշխատակիցը լուրջ վնասվածք չի ստացել:




























