Ամերիկյան Փիթսբուրգ քաղաքի (Փենսիլվանիա նահանգ) համալսարանի դասախոսը ոստիկանությանը հայտնել է, իբր ուսումնական հաստատության ներսում պայթուցիկ սարք է տեղադրված:

Կինը նման քայլի գնացել է, որ չեղյալ հայտարարի պարապմունքը, որը չէր ցանկանում անցկացնել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Նենսի Բրունին, սեփական խոստովանությամբ, տառապում է անհանգստության նոպաներով, դեպրեսիայով եւ կպչուն նեւրոզով: Նման նոպաներից մեկի ժամանակ նրան պատրվակ էր անհրաժեշտ դասախոսությունը չկարդալու համար:

Առանց երկար մտածելու նա զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել համալսարանում տեղադրված ռումբի մասին` հուսալով, որ իրավապահները կտարհանեն շենքը եւ պարապմունքը կխափանվի:

Երբ դա տեղի չի ունեցել, Բրունին միջանցքում ռումբի մասին գրառում է թողել: Ուսանողները հայտնել են ոստիկանությանը, սակայն տարհանում կրկին չի արվել: Ուսուցչուհուն գտել են եւ հունիսին նա կանգնելու է դատարանի առջեւ: