ԱՄՆ-ում օրերս կրկեսի ասիական փղի վրա կրակած հանցագործներին բռնելու հարցում օգնողին 33 հազար դոլարի պարգեւ են խոստացել: Վերջին երկու օրում պարգեւի գումարն աճել է նախնական 21 հազար դոլարից եւ հնարավոր է, որ էլ ավելի աճի:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 39-ամյա ասիական փիղը կանգնած է եղել արենայից ոչ հեռու գտնվող դաշտում։ Կենդանուն կրակել են մոտով սլացող ավտոմեքենայից։ Բազմաթիվ վկաները պատմում են, որ սպիտակ կամ արծաթագույն Ford Explorer ավտոմեքենա են տեսել։

Փամփուշտն անցել է փղի ականջի եւ ուսի արանքով։ Փղերի մոտ այդ մասում կենսականորեն կարեւոր օրգան չկա, այդ պատճառով էլ վնասվածքն այնքան էլ չի անհանգստացնում Քերոլին։ Սակայն, եթե նման վնասվածք ստանար մարդը, նա ակնթարթորեն կմահանար։ Ինչպես հաղորդել են Վայրի բնության ու ձկնային պաշարների պահպանման ծառայության ներկայացուցիչները, «ներկա պահին կենդանին ակտիվ է եւ իրեն լավ է զգում», հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

Այս հանցագործությունը դիտարկվում է որպես դաշնային եւ չի վերաբերում նահանգի իրավասությանը, քանի որ ասիական փղերն անհետացման վտանգի տակ են։