Ամերիկյան զինծառայող, 24-ամյա Ուիլյամ Քոլթոն Միլլեյը, ով 2011թ. ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, խոստովանել է իր մեղքը:
Ինչպես նշում է AP-ն, ձերբակալված զինծառայողը գաղտնի տեղեկությունները փոխանցել է ՀԴԲ-ի գործակալին, ով ներկայացել էր որպես օտարերկրյա հետախույզ: Տեղեկատվությունը վերաբերել է ԱՄՆ ազգային պաշտպանությանը: Թե որ երկրին էր ցանկանում ծառայել զինծառայողը, չի հաղորդվում: Դա կարող է հայտնի լինել վճռի հրապարակումից հետո, որ կայանալու է ապրիլի 15-ին:
Միլլեյը ծառայել է ռազմական ոստիկանությունում` Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն միացյալ ռազմակայանում: Նա նաեւ ծառայել է Իրաքում եւ Հարավային Կորեայում: Նրան ձերբակալել են 2011թ. աշնանը, ՀԴԲ-ի եւ հակահետախուզության համատեղ գործողության արդյունքում, գրում է Lenta.ru-ն:
Ռազմակայանը, որում ծառայում էր զինծառայողը, Արկտիկական տարածաշրջանում խոշորագույնն է:




























