Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մեկնարկում են նոր համատեղ ծրագիր աշխուժացնելու աշխատանքային շուկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

ՀԲԸՄ-ն եւ ՀԱՀ-ն այս մասին հայտարարել են ապրիլի 3-ին, Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, որին ներկա են եղել ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, այլ պաշտոնյաներ: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀԱՀ-ն այստեղ անցկացրել է բաց դռների օր` տեղի լայն հասարակությանը ներկայացնելով համալսարանի կրթական ծրագրերը, այդ թվում բակալավրի, մագիստրոսի եւ հատուկ դասընթացների ծրագրերը:

Ստեփանակերտ այցելության օրերին ՀԱՀ եւ ՀԲԸՄ պատվիրակություներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը ԼՂՀ կրթական համակարգի զարգացման ջատագովներից է:

«Մենք լիովին գիտակցում ենք, թե ինչ է բերում Հայաստանի ամերիկյան համալսարանը Ղարաբաղ եւ վստահեցնում եմ, որ մենք կաջակցենք Ձեզ բոլոր հնարավոր ուղղություններով: Ավելին, մենք մեր երախտագիտությունը Ձեզ կհայտնենք, Ձեր աշխատանքի արդյունքում մեր ունեցած առաջընթացով: Հավատացած եմ, որ դա կլինի այս ծրագրի հաջողության լավագույն արտահայտումը»,- ասել է Բակո Սահակյանը:

Այս հավակնոտ նպատակին հասնելու համար առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն կտրամադրի 575,000 ԱՄՆ դոլար` աջակցելու ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժնի կողմից Ղարաբաղում իրականացվող այս Երկարաժամկետ Կրթական Ծրագրին (ԵԿԾ): Այն կառաջարկի անգլերեն լեզվի ուսուցման վեց մակարդակ, ինչպես նաեւ հավաստագիր շնորհող չորս տարբեր դասընթացներ` Ռազմավարական բիզնես կառավարում, Գործադիր առաջնորդություն, Հանրային քաղաքականության մշակում եւ կառավարում, Զբոսաշրջություն եւ հյուրասիրության կառավարում:

«Կրթությունը տնտեսության աճը խթանելու լավագույն գործիքն է, եւ ՀԱՀ-ն ոգեւորված է ՀԲԸՄ-ի հետ աշխատելու այս հնարավորությունից եւ ներկայացնելու այնպիսի մի ծրագիր, որը կբացի նոր կրթական հնարավորություններ, որոնք էլ իրենց հերթին կբերեն կրթական աստիճաններ եւ հաջողված կարիերաներ Ղարաբաղում, Հայաստանում եւ ողջ աշխարհում: Այս ծրագրի միջոցով, ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժինը Ղարաբաղում կստեղծի բարձրորակ, երկարաժամկետ կրթական հնարավորություններ, որոնք կբացեն նոր դռներ, կքաջալերեն բարձրագույն կրթություն ստանալու անհրաժեշտությունը եւ կնպաստեն կայուն տնտեսական զարգացմանը»,- ասել է ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը:

ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժինն իր դասերը կմեկնարկի Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում, մինչ ՀԲԸՄ-ն կկառուցի նոր մշակութային եւ կրթական համալիր այս եւ այլ ծրագրերի իրականացման համար:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ՀԲԸՄ-ն մի կազմակերպություն է, որն անբաժանելի մասն է ԼՂՀ-ի եւ Միության` այս նոր նախաձեռնությամբ հանդես գալը բոլորովին զարմանալի չէ:

«Այսօր սկիզբ է դրվում նոր ժամակաշրջանի: ՀԲԸՄ ԼՂՀ համալիրը, երբ արդեն պատրաստ լինի, նոր հնարավորություններ ու նոր հորիզոններ կբացի Արցախի ժողովրդի առջեւ եւ իր ներդրումը կունենա երկրի կայուն տնտեսական զարգացման գործում: Նոր համալիրը, 1988թ.-ից ի վեր Ղարաբաղին օգնելու եւ սատարելու ՀԲԸ Միության որդեգրած հստակ ու անշեղ ուղղու բնական շարունակությունն է», ասել է  ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը:

Շինարարության ավարտից հետո ՀԲԸՄ ԼՂՀ նոր համալիրը կառաջարկի երիտասարդների եւ մեծահասակների համար նախատեսված տարաբնույթ ծրագրեր, ներառյալ ստեղծարար արվեստների, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում վերապատրաստման դասընթացներ: Դասերը հասանելի կլինեն թե ավագ դպրոցի եւ համալսարանների ուսանողներին, թե ձեռնարկատերերին ու կառավարության անդամներին:

Ծրագիրը նաեւ կառաջարկի համալսարանի նախապատրաստական դասընթացներ, սեմինարներ կառավարման, հանրային հաղորդակցության եւ համակարգչային գիտելիքների ոլորտներում, ինչպես նաեւ գործնական քննարկումներ կարիերայի զարգացման, ինքնակենսագրական փաստաթղթերի լրացման եւ հարցազրույցների մասնակցության հմտությունների վերաբերյալ: