Հայաստանում ԵՄ կենտրոնում, այսօր՝ ապրիլի 12-ին, մեկնարկել է նոր նախաձեռնություն` հանդիպումներ լրագրողների հետ: Հայաստանում ԵՄ պատվիրակությունից եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հրավիրյալ բանախոսների հետ քննարկվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ողջույնի իր խոսքում ընդգծել է լրագրողների կարեւոր դերակատարությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին իրազեկման գործում: «Լրագրությունը արագ տեմպերով փաստացի պատմություն է, իսկ ԵՄ-Հայաստան հարաբերություններն էլ այդ պատմության մի մասն են»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ լրատվամիջոցներն են Հայաստանի հետ ԵՄ համագործակցության մասին մարդկանց տեղեկացնելու հիմնական խողովակը:
Հանդիպումների առաջին շարքը կոչվում է «Դեպի Վինլյուս ուղին»` նշանավորելու Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովը, որ տեղի կունենա նոյեմբերի վերջին, Վիլնյուսում: Հանդիպումները անցկացվելու են յուրաքանչյուր ամիս:
Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ներկայացնելով Ասոցացման համաձայնագրի շուրջը բանակցությունների ներկա վիճակը, ասել է, որ Հայաստանում բավականին մասնագիտացած լրագրողներ կան, ու ոչինչ աննկատ չի անցնում: «Պետք է Հայաստանի բնակչությանը բացատրել, թե ինչ է Ասոցացման համաձայնագիրը, այդ խնդիրը լուծելու գործում էլ լրագրողները մեր հիմնական գործընկերնեն են», ասաց փոխարտգործնախարարը:
Հանդիպման ձեւաչափը ոչ պաշտոնական էր` խրախուսելու բաց քննարկմանն ուղղված հարցերը որպես երեւույթների առավել խորքային իմացության հնարավորություն:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որն համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը։ Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնարական հարթակն է։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։




























