Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 12-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, որի վկայությունն է Երեւանում եւ Պրահայում Չեխիայի ու Հայաստանի դեսպանությունների հիմնումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւ ակտիվացած շփումները միջխորհրդարանական մակարդակում:
ՀՀ նախագահը եւ Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարն անդրադառնալով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին՝ կարեւորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական համագործակցության զարգացումը: Նրանց համոզմամբ, դրան մեծապես կարող են նպաստել գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ հաճախակի շփումները: Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս օրերին Երեւանում մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները լուրջ հնարավորություններ կընձեռեն կողմերին՝ բարձրացնելու առեւտրաշրջանառության ծավալները, մշակելու եւ իրականացնելու համատեղ գործարար ծրագրեր, ինչպես նաեւ խթանելու ներդրումները:
Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Պրահայում սկիզբ առած Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացին, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանի զարգացումներին:




























