Այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանի սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, Սփյուռքում հայ մշակույթը տարածելու եւ սփյուռքահայ համայնքների հետազոտման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգեւատրել է «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին:
Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Ռ. Հովհաննիսյանի ծննդյան 45-ամյակի կապակցությամբ եւ մաղթել ստեղծագործական նոր մտահղացումներ, նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացում: Նա շնորհակալություն է հայտնել «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» ստեղծագործական կոլեկտիվին համատեղ արդյունավետ համագործակցության, բարեխիղճ եւ նվիրված աշխատանքի համար եւ մասնավորապես նշել. «Հայ հասարակությանը եւ Հայաստանում, եւ Սփյուռքում մեծ սիրով ու հետաքրքրությամբ են դիտում ձեր «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով» հաղորդումները, իսկ Սփյուռքի նախարարության պատվերով երեք տարի շարունակ հեռարձակվող. «Սփյուռքի ժամ» եւ «Մերոնք», հաղորդաշարերը մեծապես նպաստում են Հայաստանի եւ Սփյուռքի փոխադարձ ճանաչողությանը, հայ մշակույթի տարածմանը:
Ռաֆայել Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման բարձր պարգեւի արժանացնելու համար եւ հավաստիացրել, որ այսուհետ եւս օգտագործելով հեռուստատեսության ընձեռած լայն հնարավորությունը կփորձեն նպաստել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը եւ ողջ հայությանը տեղեկացնել սփյուռքահայ համայնքների մշակութային, կրթական, տնտեսական կյանքի, աշխարհասփյուռ նշանավոր հայերի, մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների մասին:




























