Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հեգնանքով է ընդունել լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, որ հավանական է` նրա ազգանունը եւս ընդգրկվել է «Մագնիտսկու ցուցակում», եւ կատակել է, թե նույնիսկ «հանձնել է ԱՄՆ մեկնելու տոմսը»:

«Երբ լսեցի այդ տեղեկությունը, հանձնեցի ԱՄՆ մեկնելու տոմսը եւ երբեք այն հետ չեմ վերցնի»,- նշել է Կադիրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել է նույնիսկ ձիարշավների մասնակից նրա ձիու մուտքը երկիր: «Դրանից հետո իմ ձին հիվանդացավ եւ մինչ օրս տառապում է, քանի որ երեք ամիս պատրաստվել էր այդ ձիարշավին»,- նշել է Կադիրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա ընդգծել է, որ իր համար միեւնույնն է` կա ինքը այդ ցուցակում, թե` ոչ: «Ես հպարտ եմ, որ ռուսաստանցի եմ եւ Ամերիկային պետք չեմ»,- ասել է Կադիրովը: Նրա խոսքով` Ամերիկան այն երկիրն է, որն ամբողջ աշխարհում զբաղվում է բեսպրեդելով:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ապրիլի 12-ին հրապարակել է «Մագնիտսկու ցուցակը», որը բաղկացած է 18 ազգանունից: Օրենքը, նախատեսում է վիզային եւ տնտեսական պատիժներ այն ռուսների հանդեպ, ովքեր, ըստ ամերիկացի օրենսդիրների, մասնակից են մարդու իրավունքի խախտմանը:Ավելի վաղ New York Times թերթը` վկայակոչելով ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրին, հաղորդել է, որ Կադիրովին հնարավոր է ընդգրկած լինեն «Մագնիտսկու ցուցակի» գաղտնի հավելվածում: