ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եղել է երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում: Նա այցելել է սահմանային անցակետ հանդիսացող Փհանմունջոմ այն ժամանակ, երբ Կորեաների մեջ լարվածությունը հասել էր իր գագաթնակետին եւ Սեուլի տվյալներով` Փհենյանը պատրաստվում է մեկնարկել բալիստիկ հրթիռը, որը կխոցեր Հարավային Կորեան, ճապոնիան եւ ամերիկյան Գուամը:
Ռասմուսենի կատարած այցելությունն առաջինն էր այդ կազմակերպության գլխավոր քարտուղարների համար` սկսած 1949 թվականից, երբ ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքը: Միջկորեական սահմանին ՆԱՏՕ-ի ղեկավարի հայտնվելը Սեուլում գնահատել են որպես նրա կողմից Հարավային Կորեային աջակցելու ապացույց, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԿՀ կատարած եռօրյա այցելության շրջանակում Ռասմուսենը բանակցել է երկրի նախագահ Պակ Կին Հեի, ԱԳ նախարար Յուն Բեն Սեի եւ պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժինի հետ: Ըստ հարավկորեական կառավարության պաշտոնական ներկայացուցիչների` այդ հանդիպումների ժամանակ քննարկվել է տարածաշրջանային եւ ընդհանուր անվտանգության վերաբերյալ խնդիրների լայն շրջանակ:




























