Կիպրոսի իշխանությունները որպես յուրօրինակ փոխհատուցում կիպրական քաղաքացիություն է առաջարկել այն ներդրողներին, որոնք ֆինանսական ճգնաժամի պատճառով կղզում կորցրել են 3,9 մլն եվրոյից ավելի գումար: Նման հայտարարություն է արել նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», տեղական մամուլը նշում է, թե նման խոշոր ներդրողների մեջ քիչ չեն ռուսաստանցիները: Ցանկացողների համար հատուկ արագացված ընթացակարգ է գործելու:

Ավելի վաղ Կիպրոսի Կենտրոնական բանկը հայտնել էր, որ Bank of Cyprus-ում 100 հազար եվրոյից ավելի ներդրումների դուրսգրումը կազմելու է 37,5 տոկոս: Եւս 22,5 տոկոսից տոկոսներ են հաշվարկվելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կիպրոսում` երկրի ներսում բանկային փոխանցումները կրկին սահմանափակվել են: Նախօրեին կապիտալի շրջանառության հանդեպ վերահսկումը մասամբ թուլացել էր` երկրում թույլատրվել էր մինչեւ 300 հազար եվրո  բանկային փոխանցումներ կատարել: Սա իրարանցում է առաջացրել Bank of Cyprus-ի հաճախորդների մոտ, ովքեր փորձել են գումարները փոխանցել իրենց հաշվեհամարներից ուրիշ վարկային կազմակերպությունների, կամ իրենց ներդրումները նվազեցնել այնքան, որ չափը կազմեր 100 հազար եվրոյից ավելի քիչ: