ԱՄՆ-ը մտադիր է բանակցել Հյուսիսային Կորեայի ղեկավարների հետ` համոզելու համար, որ այդ երկիրը «հետ կանգնի սադրանքներից»: Այս մասին իր հեռավորարեւելյան շրջագայության ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Որպեսզի Կորեական թերակղզու դենուկլերիզացման վերաբերյալ բանակցություններն արդյունավետ լինեն, նախատեսվել է այդ բանակցություններում ընդգրկել նաեւ Ռուսաստանին, Չինաստանին եւ Ճապոնիային:

«ԱՄՆ-ն ամեն բան անելու է` իր դաշնակիցներ Ճապոնիային, Հարավային Կորեային եւ այդ ամբողջ տարածաշրջանը նման սադրանքներից  պաշտպանելու համար: Բայց մեր ընտրությունը` բանակցություններն են: Մենք համոզված ենք, որ կարող ենք  հարթել իրադրությունը եւ հակամարտության լուծման ուղիներ փնտրել Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ Ռուսաստանի հետ միասին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը՝ Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդոյի հետ բանակցություններից հետո, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Ինչպես հաղորդել է «Ամերիկայի ձայնը», Կիսիդոյի հետ հանդիպումը կայացել է ապրիլի 14-ի երեկոյան, իսկ ապրիլի 15-ին` դեպի ասիական երեք երկրներ կատարած շրջագայության վերջին օրը, Քերրին հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Հանդիպման գլխավոր թեման կրկին Հյուսիսային Կորեան է եղել:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել է ՉԺՀ Գերագույն ղեկավարի հետ: Երկու կողմերն էլ հայտարարել են, որ աշխատելու են ստիպել Հյուսիսային Կորեային` «իջեցնել սադրանքների տոնը»: Չինաստանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը կոչ են անում Փհենյանին` հետ կանգնել սադրիչ քայլերից, ներառյալ նաեւ ցանկացած հրթիռի մեկնարկից: Սակայն, ինչպես ընդգծվել է հայտարարության մեջ, երկու կողմերն էլ դրան ցանկանում են հասնել խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե «սպառնալիքների դեմ նոր սպառնալիքներով»: Այնուամենայնիվ, այդ հարցի վերաբերյալ չեն բացառվել «ցանկացած որոշումներ»-ը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը: