Մեծ Բրիտանիայում սկանդալ է հասունացել. բժիշկ Թոմաս Օ’Բրայենը բուժման փոխարեն իր հաճախորդուհուն ուղարկել է հիսունականների եկեղեցի, որտեղ կնոջ նկատմամբ էկզորցիզմի (չարքերի վռնդում) ծես են իրականացրել:

Կինը տառապել է դեպրեսիայով եւ նրա համար նախատեսված է եղել հակադեպրեսանտներ եւ այլ դեղորայք: Հաճախորդուհին պատմել է, որ դադարեցրել է բուժումը, երբ բժիշկն իրեն ասել է, որ այլ բուժում կա: Դրանից հետո, Օ’Բրայենը կնոջն ուղարկել է հիսունականների եկեղեցի, որտեղ նրան ասել են, որ «Աստված ինքը վիրաբույժ է եւ նա կբուժի կնոջը», գրում է  Meddaily-ն:

Եկեղեցում կնոջ հանդեպ «չարքերի վռնդման» չորսժամյա ծես են կատարել: Միաժամանակ, Օ’Բրայենը վախեցնելով հաճախորդուհուն անեծքով, ստիպել է նրան իր հոգեբանից թաքցնել «բուժման նոր եղանակը»: Սակայն` անցնելով էկզորցիզմի ծեսը, կինն, այնուամենայնիվ, դիմել է հոգեբանին, ով անմիջապես պատահածի մասին հայտնել է Բժշկական գլխավոր խորհրդին:

Բժիշկ Օ’Բրայենը խոստովանել է, որ կնոջը տվել է կրոնական նյութեր, սակայն մնացած բոլոր մեղադրանքները հերքել է: Խորհուրդը 18 ամսով սահմանափակել է Օ’Բրայենի բժշկական գործունեությունը եւ հաստատել է, որ բժիշկը պարտավոր էր խորհրդին տեղյակ պահել իր ցանկացած նշանակման մասին: