Ապրիլի 19-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպված ֆորումի ընթացքում ես ցույց տվեցի ճանապարհը, թե ինչպես ուժեղացնել սկսված շարժումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՅԴ համամասնական ցուցակը:

Այսօր՝ ապրիլի 20-ին, դաշնակցական գործիչները հանդիպում են ունեցել Երեւանի Նոր Նորք թաղամասի ընտրողների հետ: Ռուստամյանը նշեց, որ ինքը կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին առաջնորդվել երկարատեւ պայքարի տրամաբանությամբ եւ փորձել վերացնել այն դժվարությունները, որոնք ծագել են երկրում նախորդ տարիների ընթացքում: «Իմ ելույթը լսվեց եւ կարծում եմ, որ լսարանը այն բավական լավ ընդունեց: Հույս ունեմ, որ համատեղ քննարկումների, շարժման մասշտաբների մեծացման եւ նրա նպատակների կոնկրետացման հիմք կա՝ դրանով նոր ուժ ահղորդելով ընդդիմադիր շարժմանը»,-ասաց դաշնակցական թեկնածուն:

Նրա ներկայացմամբ՝ շարժման անունն այնքան էլ կարեւոր չէ: «Գլխավորն այն է, որ շարժումը պահպանի իր ներուժը, որի օգնությամբ մեզ կհաջողվի ստիպել իշխանություններին զիջումների գնալ:

Երկրորդ, մենք պետք է հասնենք նրան, որ Երեւանի բնակիչը այս ընտրությունների օգնությամբ կարողանա հերթական անգամ իր «ոչ»-ն ասել ներկա իշխանություններին»,-հայտարարեց Ռուստամյանը՝ հավելելով, որ շարժումը պետք է ուղղված լինի այս ընտրություններն իշխանությունների վստահության հանրաքվեի վերածելուն եւ Երեւանում ընդդիմության իշխանություն հաստատելուն:

«Երբ այդ ամենը տեղի ունենա, Հայաստանում շատ բան կփոխվի դեպի լավը»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է ընդդիմադիր ուժերը հանդես գան միասնական ճակատով, քանի որ ոչ մի ուժ միայնակ չի կարող հասնել այն նպատակներին, որոնց մասին խոսում է: