Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԱՊԿ Արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդունվել է Մոսկվայում 2009թ. հունիսին: Դրա նպատակն է միավորել ՀԱՊԿ պետությունների ջանքերը՝ զինված հարձակումը ետ մղելու համար:

Քննարկման ժամանակ հայ խորհրդարանականները հատուկ ուշադրություն դարձրին հարցին, կարձագանքի՞ արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը համոզմունք է հայտնել, որ անպայման կարձագանքի: Նրա խոսքով, ԱԱՀՈՒ-ի համաձայնագիրը յուրօրինակ «զսպաշապիկ» է դառնալու նրանց համար, ովքեր կմտածեն Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասին:

«Չնայած ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ, հնարավոր է պատկերացնել, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը կարձագանքի, քանի որ ԼՂՀ –ի դեմ ագրեսիան ագրեսիա է Հայաստանի դեմ»,- հայտարարել է Ռուստամյանը: Այդ տեսակետը չկիսեցին «Ժառանգության» ներկայացուցիչները, որոնք համոզմունք հայտնեցին, թե ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը չեզոքություն է պահպանելու: