Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Նախագծի նպատակն է կազինոներն ու խաղատները կենտրոնացնել երեք առողջարանային քաղաքներում՝ Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Սեւանում՝ զբոսաշրջության զարգացման եւ այդ քաղաքները զբոսաշրջային կենտրոններ դարձնելու համար: Նախագծով նախատեսվում է գոտիավորել քաղաքները կազինոների տեղակայման համար, հարկերը տատանվելու են 1 մլն-ից 4 մլրդ դրամի սահմաններում:

«Ժառանգություն» եւ ՀՅԴ կուսակցությունները հանդես եկան նախագծի դեմ: Մասնավորապես՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հարց տվեց, թե ինչի են պետք այդքան կազինոները Հայաստանում, եւ ով է խաղում. «Դժվար չէ պատկերացնել, թե ով պիտի խաղա: Ավելի շուտ այդ հաստատություններն այցելում են վերնախավի ներկայաուցիչները: Հարց է ծագում՝ որտեղի՞ց այդ մարդկանց այդքան գումար»:

Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար նա առաջարկել է շեշտադրում անել ոչ թե կազինոների տեղակայման, այլ ծառայությունների որակի բարձրացման վրա: Նման առաջարկով հանդես եկավ նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը, որն ընդգծեց, թե տվյալ քաղաքներում ավելի լավ է զարգացնել ծառայությունները եւ քաղաքները դարձնել միջազգային առողջարանները, այսինքն զբոսաշրջիկներին հրապուրել ոչ թե կազինոներով այլ ծառայությունների բարձր որակով: