Գործարար, ներկայումս քր.օր-ի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով մեղադրվող Սարիբեկ Սուքիասյանի՝ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր դեմ իշխանությունների ծավալած արշավը միայն մեկ նպատակ ունի՝ նրանից խլել «Բյուրեղ» գործարանը: Այդ մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սուքիասյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ սկսված հետապնդումների վերջնանպատակը „Բյուրեղ“ գործարանը Սուքիասյաններից խլելն է»,- նշել է պաշտպանն ու հավելել. «Այդ նպատակի շրջանակներում ոստիկանության կողմից կատարվող գործողությունները ծայրից ծայր հակաօրինական են ու ենթական չեն որեւէ տրամաբանական բացատրության»:

Նշենք, որ «Բյուրեղ» գործարանի բաժնետոմսերի փոքր մասը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Ըստ պաշտպանների, Հայրապետյանն ու իրավապահները մյուս բաժնետերերին սպառնացել են ԱԺ պատգամավորին (Հայրապետյանին, խմբ.) վաճառել իրենց բաժնետոմսերը:

Հիշեցնենք, որ Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին ձերբակալել էին փետրվարի 12-ին՝ մեղադրելով «Բյուրեղ»-ի բաժնետեր Գոռ Դավթյանից մահվան սպառնալիքի տակ ստորագրություն կորզելու մեջ: Հատուկ ջոկատայինները ներխուժել էին «ՍԻԼ կոնցեռն» եւ կոտրելով դռները՝ բերման ենթարկել Սուքիասյանին: Փետրվարի 15-ին Սուքիասյանին եւ Ստեփանյանին ազատ էին արձակել, իսկ 19-ին ներկայացրել անձի առեւանգման մեղադրանք:

Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը եւ նրա ընտանիքը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ աջակցեցին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչից հետո նրանց նկատմամբ հետապնդումներ սկսվեցին: