Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն, այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Լեհաստանի Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական  միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի գլխավորած պատվիրակությանը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին եւ տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Արձանագրվել է, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ եւ հեռանկարներ: Կողմերի գնահատականով` հայ-լեհական հարաբերությունների զարգացման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Լեհաստանի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում ներդրումային քաղաքականությունը եւ փոքր ու միջին բիզնեսին նպատակաուղղված աջակցությունը: 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության ակտիվացման շուրջ, որի իրականացման գործում կարեւոր նշանակություն կունենան հայ-լեհական եւ լեհ–հայկական առեւտրաարդյունաբերական գործարար պալատների ստեղծումը եւ համագործակցության հուշագրի ստորագրումն այսօր` Երեւանում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am