«Բարեւ, Երեւան» դաշինքի հաղթանակից հետո քաղաքապետարանում կադրային զտումներ չեն իրականացվելու: Այդ մասին ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, կադրային զտումներ նաեւ չեն իրականացվի վարչական շրջանների վարչակազմերում. «Բացառություններ կլինեն նրանք, ովքեր օրենք են խախտել եւ գերազանցել պաշտոնական լիազորությունները, բայց նրանք այնքան էլ շատ չեն: Շարքային աշխատողները հիմնականում մնալու են»,- նշել է նա:

Խոսելով փոփոխությունների մասին, որ «Բարեւ, Երեւան» դաշինքն իրագործելու է ընտրություններից հետո, Մարտիրոսյանը նկատել է, որ չնայած քաղաքացիներին հուզող բազմաթիվ խնդիրներ կան, առաջին հերթին պետք է բարեփոխել քաղաքային կառավարման համակարգը:

«Տվյալ պահին կառավարման համակարգը քաղաքում ծառայում է մի քանի մարդկանց շահերին եւ նպաստում է նրանց հարստացմանը: Հետեւաբար, Երեւանի ավագանու ընտրություններում պայքարը քաղաքական է: Սկսած Երվանդ Զախարյանից, հաջորդ բոլոր քաղաքապետերը այդ քարացած համակարգի մասն են, որը հաշվի չի նստում քաղաքացիների շահերի հետ եւ աշխատում է միայն մի խումբ անձանց համար»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ ընտրություններից հետո կանի հնարավորը, որ կրթության եւ համատիրությունների ոլորտի աշխատողները  զբաղվեն իրենց պարտականություններով, այլ ոչ իշխող կուսակցության համար ձայներ հավաքելով: «Քաղաքապետը պետք է դիմակայի կառավարության որոշումներին, եթե դրանք հակասում են քաղաքացիների շահերին: Ավագանին իրապես օգտվելու է իր լիազորություններից»:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am