Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «թիկնապահի»` Զարզանդ Նիկողոսյանի կողմից մարդ ծեծելու դեպքից մեկ ամիս է անցել, սակայն դեռ քրեական գործ չի հարուցվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ դեռ նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի ստացվել: Քննություն վերաբերյալ մանրամասներ փորձեցինք ճշտել մարզպետի «թիկնապահից»` Զարզանդ Նիկողոսյանից:

Նա  նորից հերքեց իր մասնակցությունն այդ միջադեպին` ասելով, թե «տուժողը հիվանդանոցում մնացել է, «քանի որ 2-3 օր էնքան է խմել, թունավորվել է»: Դիտարկմանը, թե Դուք հերքում եք ձեր մասնակցությունը միջադեպին, բայց ոտսիկանությունը հաղորդագրություն էր տարածել եւ հայտնել, որ դուք բերման եք ենթարկվել, ինքնախոստովանական ցուցմունք եք տվել եւ ազատ արձակվել, նա հակադարձեց. «Բայց ինձ ո՞վ ա բռնել, որ հետո էլ բաց թողնեն: Էդ ո՞վ ա ասել տենց բաներ, չկա տենց բան, ոստիկանությունից ո՞վ ա ասել, թե ես ինքնախոստովանական ցուցմունք եմ տվել, բերման եմ ենթարկվել, բռնել են, բաց են թողել, մարդը գլորվել է, գլուխը խփել է ասֆալտին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արմեն Վարդանյանը: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 1970 թ. ծնված Զարզանդ Ն.-ն եւ 1976 թ. ծնված Դավիթ Բարխուդարյանը:

Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը հանրությանը հայտնի է որպես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ: Նա մինչեւ 2011 թվականը պաշտոնապես եղել է նրա օգնականը:

Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի առթիվ Զարզանդ Նիկողոսյանին եւ Դավիթ Բարխուդարյանին հայտնաբերելու ուղղությամբ, NEWS.am-ի թղթակիցը զրույց է ունեցել «որոնվող» Զարզանդ Նիկողոսյանի հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ մարտի 26-ին, ինքն իր ընկեր` Դավիթ Բ.-ի հետ, այցելել է Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբ, սակայն որեւէ վիճաբանության, ծեծկռտուքի չի մասնակցել: Զարզանդ Նիկողոսյանը հերքել էր, թե ինքը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, նշելով, որ Սյունիքի մարզպետը թիկնապահ չունի, ինքը տարիներ շարունակ աշխատել է նրա մոտ, բայց այժմ չի աշխատում: «Զարզանդ անունով աշխատակից չունի պարոն Խաչատրյանը, Զարզանդը ես եմ, ես իր մոտ աշխատել եմ, 2000 թվականից իրեն ճանաչում եմ, երկու տարի է` դուրս եմ եկել»,- նշել էր նա:

Մեր ճշտող հարցին, թե այժմ կապ չունե՞ք Սյունիքի մարզպետի հետ, նա պատասխանեց. «Ես իր հետ կապ ունեմ, ո՞նց կապ չունեմ, Գորիսի բնակիչ եմ, մեր Սյունիքի մարզպետն է, ես իր մոտ աշխատել եմ մինչեւ 2011թ, բայց հիմա աշխատանքային բերումով իր հետ որեւէ առնչություն չունեմ: Ով ասել է, թե Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, գլուխը պատին ա տվել, Սյունիքի մարզպետը էնքան ուժեղ ա, որ թիկնապահի կարիք չունի»,- նշել էր նա:

Հատկանշական է, որ երբ Զարզանդ Ն.-ն տեղեկացել էր, որ ոստիկանությունն իրեն է փնտրում, նա արձագանքել էր, որ այժմ գտնվում է Կապանում եւ սրճարանում նստած սուրճ է խմում մյուս «որոնվողի» Դավիթ Բ-ի հետ: «Իրենց փոխանցեք` թող գան տենամ խի՞ են ինձ փնտրում, ես հիմա Կապանում եմ, սրճարանում նստած սուրճ եմ խմում, Դավիթ Բարդուխարյանն էլ է հետս»,- նշել էր Զարզանդը:

Դրանից հետո ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե մարտի 27-ին  Զարզանդ Ն.-ն եւ Դավիթ Բ.-ն  բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի  բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն եւ ստորագրությամբ բաց են թողնվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ակումբի աստիճանահարթակի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Զարզանդ Ն.-ն մարմնական վնասվածք է պատճառել նաեւ Արմեն Վ.-ի ընկերոջը` Դավիթ. Ա.-ին: