Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մարտի 2-11-ը բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում լավագույն գրախոսականի համար մրցանակներ են շնորհվել (ֆոտոռեպորտաժ):
Լավագույն գրախոսականի համար մրցույթ էին հայտարարել Բրիտանական խորհուրդը, Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը, Արմենթելը կինոքննադատների եւ կինոլրագրողների հայ միավորման հետ համատեղ:
Մրցույթին ներկայացված էին 25 աշխատանք: Հաղթող է ճանաչվել «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, եւս երկու մրցանակ ես ստացել Արփի Ոսկանյանը եւ Արթուր Վարդիկյանը:
Հաղթողներին մրցանակները հանձնել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ազիայի բաժնի ղեկավար Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Կոլին Ռոբերտսը, որը Հայաստանում գործնական այցով է գտնվում:
Մասնակիցներին եւ կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով` Ռոբերտսը նշել է, որ մշակույթը մեծ նշանակություն ունի, սակայն ստեղծագործական արդյունաբերությունը, այդ թվում նաեւ կինոարդյունաբերությունը մեծ դեր են խաղում տնտեսության մեջ:
«Դա լուրջ բիզնես է եւ կարող է տնտեսության զարգացման մեջ մեծ ներդրում ունենալ: Բրիտանիայում մենք մեծ ջանքեր ենք գործադրում այդ բիզնեսի զարգացման համար»,-ընդգծել է Ռոբերտսը:




























