Հայաստանի Ազգային ժողով ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է, այն ուղարկվել է իրավապահ մարմիններին: Մեր տեղեկություններով`փորձաքննությամբ հաստատվել է, որ Վրեժ Գալստյանը հոգեկան հիվանդ է, գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, հիվանդագին վարք է դրսեւորում, ունի զառանցական մտքեր, որոնց ազդեցությամբ էլ գործել է միջադեպի ժամանակ: Վրեժ Գալստյանն ասել է, թե ինքը չի գնացել Ազգային ժողով, իրեն ուղարկել են տիեզերքից:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հաստատվել է, որ Վրեժ Գալստյանը տառապել եւ տառապում է «շիզոֆրենիա պարանոիդ ձեւ, աֆեկտիվ-զառանցական համախտանիշ»  հիվանդությամբ, արարքը կատարելու պահին եղել է հիվանդագին խանգարված վիճակում, ճանաչվել է անմեղսունակ փորձագետների կողմից: Սոնա Տռուզյանը նշեց, որ հաշվի առնելով փորձագետի եզրակացությունը` հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ:

Նախաքննական մարմինը դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան` միջնորդելով որպես անվտանգության միջոց` նրան տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում, քանի որ նա, ըստ փորձաքննության եզրակացության, շարունակում է վտանգավոր լինել հասարակության համար: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, եւ Վրեժ Գալստյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում արտակարգ դեպք է գրանցվել: 2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, քաղաքացի Վ.Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք  գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին եւ իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցից հետո։ Ուստիեւ քաղաքացու տեղաշարժը կանխելու եւ նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ գոտկատեղից ներքեւ՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։ Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած անձը` Վ.Գալստյանը, Մասիս քաղաքի բնակիչ է` 1988 թվականի ծնված։ Նախնական տեղեկություններով` նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խումբը՝ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի գլխավորությամբ: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են այդ թվում ԱԺ նշված տարածքը նկարահանող սարքերը եւ տեսագրությունները։ Տեսաերիզները համապատասխան զննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն նաեւ հանրությանը։

Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։ Վրեժ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանավորում, իսկ մարտի 29-ին նա տեղափոխվել էր «Նուբարաշենի» հոգեբուժարան: