ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում ապրիլի 24-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Իսրայել Թարվերդյանը 1 ամիս անց պետք է զորացրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդավան համայնքի ղեկավար` Ալբերտ Բաղդասարյանը: Գյուղապետն ասաց, որ նախնական տեղեկություններով՝ Իսրայելը վիրավորել է հակառակորդի գնդակից, բայց բարեբախտաբար նրա հագին զրահաբաճկոն է եղել եւ գնդակը շատ խորը նրան չի դիպել:

Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ տղայի ծնողները լրատվամիջոցներից են տեղեկացել, որ իրենց որդին վիրավորվել է եւ շտապել են Արցախ: Բարեբախտաբար տղայի կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք 3 եղբայր են եւ 1 քույր: Իսրայելը տան փոքրն է, իսկ ընտանիքը գյուղատնտեսությամբ է զբաղվում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 24-ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա Իսրայել Թարվերդյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: