24-ամյա Ռոբերտ Գալստյանը ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել ` սպանել է Վարդան Վարդանյանին եւ այդ կերպ փորձել պաշտպանել մինչեւ այդ ծննդյան արարողությունից հետո ծեծված ընկերների պատիվը: Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
24-ամյա Ռոբերտ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել, սպանել է Վարդան Վարդանյանին: Վարդան Վարդանյանի ընկեր Արթուր Խալաֆյանը Կոտայքի մարզի Կարենիսի ձորում մասնակցել է իր ծանոթ Կարեն Անդրեասյանի ծննդյան արարողությանը, ուր հրավիրված է եղել նաեւ վերջինիս ազգական Գրիշա Կոստանդյանը: Խնջույքի մասնակից աղջիկներից մեկի նկատմամբ դրսեւորված անհարգալից վերաբերմունքի պատճառով Արթուր Խալաֆյանը դիտողության է արժանացել Գրիշա Կոստանդյանի կողմից եւ նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել , որը շարունակվել է Կարենիսի ձորում: Արթուր Խալաֆյանը Վարդան Վարդանյանի եւ մյուսների հետ խուլիգանական դրդումներով ծեծի են ենթարկել Գրիշա Կոստանդյանին եւ նրա ազգականներին:
Այնուհետեւ, Ռոբերտ Գալստյանն իր ընկերներ Գրիշա Կոստանդյանի, Վահե Ղավալյանի եւ Արթուր Մարտիրոսյանի հետ Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում ` թիվ 3 միջն. դպրոցի դիմացի հատվածում հանդիպելով այդ պահին ավտոմեքենայով միայնակ երթեւեկող Վարդան Վարդանյանին, նախորդած վիճաբանությունների , ապա` վերջինիս կողմից իր ընկերներին ծեծի ենթարկելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում Ռոբերտ Գալստյանն իր մոտ եղած առնվազն 19սմ շեղբի երկարություն ունեցող դանակով կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է Վարդան Վարդանյանի կենսական կարեւոր օրգաններին` գլխի ծոծրակային հատվածին ` պատճառելով ծոծրակային շրջանի կտրած վերք: Այնուհետեւ` որովայնի ` պատճառելով որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածք` լյարդի վնասումով, ներքին ու արտաքին սուր արնահոսությամբ` առաջացնելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որի հետեւանքով Վարդան Վարդանյանը նույն օրը ` ժամը 23:10-ին հիվանդանոցում մահացել է :
Ըստ քննության, Ռոբերտ Արթուրի Գալստյանը կատարել է հանցավոր արարք ` նախատեսված ՀՀ Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Գործը դատարան է ստացվել ապրիլի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























