NEWS.am-ը ներկայացնում է «Al-Monitor»-ում հրապարակված լրագրող եւ գրող Ջենգիզ Չանդարի հոդվածը որոշակի կրճատումներով.
Հույսը, որ Թուրքիան կարող էր երբեւէ լուծել գրեթե անլուծելի քրդական հարցը, երբեք այնքան բարձր չի եղել, ինչպես 2013թ. առաջին եռամսյակում: Եթե այդ խաղաղ գործընթացը կարող է շարունակվել վերելքներով ու վայրէջքներով, սակայն առանց դադարի, դա կարող է բերել այն մտքին, որ եւս մեկ հավերժ խնդիր` հայկական հարցը նույնպես կարող է լուծվել:
Թուրքիայում ավելի շատ թուրքեր ու քրդեր են համերաշխություն հայտնում հայերին` ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սկզբում Ստամբուլի կենտրոնում, իսկ այս տարի մի շարք նահանգային կենտրոնում` Դիարբեքիրի գլխավորությամբ:
Թուրքիան կանգնած է բարդ կառուցվածքի առջեւ` Հայաստան- Սփյուռք- թուրքահայեր: Զոհված Հրանտ Դինքի համար Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կյանքի առաքելություն էր: Նրա սպանությունից մեկուկես տարի անց մենք բավականին մոտ էինք նրա գաղափարին:
Երկու երկրների միջեւ ջերմ մթնոլորտը հանգեցրեց 2009թ-ին հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրմանը:
Թուրքիայում 2013թ. կկայանան նախագահական եւ տեղական ինքնակառավարման ընտրություններ, իսկ 2014 թ-ին ` խորհրդարանական: Որեւէ ողջամիտ թուրք գործչից չարժե ակնկալել Հայաստանի հետ մերձեցմանն ուղղված քայլ`Ադրբեջանին չհիասթափեցնելու համար:
Սակայն 2015 թ-ին նշվելու է ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ միջազգային ասպարեզում հայկական մոբիլիզացիան 2015թ-ին Թուրքիայի համար նյարդայնացնող է լինելու: Բայց այդ ժամանակ ներքին գործընթացները հենց Թուրքիայում եւ սփյուռքի ներգրավումն ապրիլի 24-ի միջոցառումներին նշանակելու է, որ ցեղասպանությունն այլեւս չի լինի այնպիսին, որի համար Թուրքիան պարտք է Հայաստանին: Այլ կերպ ասած` ցեղասպանության էջը փակելու անհրաժեշտությունն այլեւս խթան չէ կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարտադիր պայման:
Հիմա հորիզոնում հայ-թուրքական կարգավորում չի նշմարվում: Եւ չի լինի, եթե ի հայտ չգան փոխադարձ գրավիչ եւ ուժեղ խթաններ:




























