Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում սահմանափակումներ չեն եղել արտահայտման եւ հավաքների ազատության համար, սակայն դիտորդները հայտնել են տարածված ընտրակաշառքների եւ ընտրողների վրա ճնշումների մասին: Այդ մասին ասվում է Amnesty International կազմակերպության` 2013թ, մարդու իրավունքների զեկույցի մասին:

Չնայած նրան, որ հայաստանում զգալի չափով չեն նկատվում խոսքի ազատության սահմանափակումներ, սակայն կարծիքները, որոնք հասրաակության մեջ կարող են ընկալվել որպես հայրենասիրության բացակայություն կամ հակաազգայնական արտահայտություն, թշնամություն են հարուցել հանրության մեջ, երբեմն էլ` բռնություն:

Զեկույցում որպես օրինակ նշվում են Գյումրիում եւ Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի փառատոնների դեմ ակցիան, նաեւ DIY ակումբի դեմ հարձակումը: Զեկույցում նշվում է, թե հարձակվողների արարքը արդարացրել էր իշխող կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Amnesty International-ի փորձագետները հիշեցնում են Կտտանքների կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցը, որում ասվում էր, թե «ցմահ ազատազրկվածների վերաբերյալ իրենց նախկին որեւէ հանձնարարություն չի իրականացվել»:

«Տարեվերջին ավելի քան 30 մարդ ազատազրկում են կրել խղճի դրդապատճառներով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար: Այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը մնացել է զինվորականների վերահսկողության տակ»,- ասվում է զեկույցում: