ԱՊՀ-ում եւ Եվրամիության հետ ինտեգրացման գործընթացներն իրար չեն խանգարում, բայց որոշ խառնաշփոթ են առաջացրել: Այդ մասին այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ Ազգային ժողովում 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Եթե մենք ԵՄ անդամ ենք, մենք չենք կարող միաժամանակ լինել ԱՊՀ ազատ առեւտրի համագործակցության անդամ, մենք չենք կարող որեւէ քայլ կատարել համագործակցության իմաստով այդ Մաքսային միության հետ, իհարկե եթե ԵՄ անդամ լինենք: Եւ հակառակը, եթե Մաքսային միության անդամ ես, ապա այդ դեպքում արդեն դու սուվերեն չես շատ հարցերում։ Այդ դեպքում արդեն ազատ ու համապարփակ առեւտրի պայմանագիրն արդեն հնարավոր չէ»,- ասաց Շ. Քոչարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հարցադրումը:
Սակայն, քանի որ Հայաստանը ոչ ԵՄ անդամ է, ոչ էլ ԵվրԱզԷս-ի Մաքսային միության՝ ներկայիս ինտեգրացման գործընթացները միմյանց չեն հակասում; Այսինքն՝ Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը (դրա շրջանակներում նաեւ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը), ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի համաձայնագրեր կնքել:




























