Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն, այսօր՝ հունիսի 3-ին, ընդունել է Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Իվան Ստարչեւիչին (նստավայրը՝ Աթենք)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխարտգործնախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-խորվաթական հարաբերությունները առաջընթաց կարձանագրեն: Փոխարտգործնախարարը նաեւ հավելել է, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդումը, ինչը բխում է մեր երկրների ու ժողովուրդների փոխադարձ շահերից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ստարչեւիչը նշեց, որ հնարավոր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել ակտիվացման եւ փոխգործակցության ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ամրապնդման, միջխորհրդարանական եւ առեւտրատնտեսական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, գիտակրթական, մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը: Անդրադարձ կատարվեց նաեւ Եվրամիության հետ փոխգործակցության հարցերին:



























